ԱԺ փոխնախագաhն ընդունել է հույն և ասորի համայնքների ներկայացուցիչներին

14:46 • 29.01.15

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական և ասորական համայնքների ներկայացուցիչներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:


Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:


Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպև նաև պայքարել թուրքական ժխտողականության դեմ:


ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռևս առկա ժխտողական քաղաքականությունը:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:


Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերում էին հետագա համագործակցությանը: