Դիվերսիոն փորձ Տավուշի մարզում, հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ

12:03 • 29.01.15

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները  համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:


Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:


ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: