Փորձարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածը
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հունվարի 28-ին մասնակցել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի փորձարկմանը։ Նրանք հետևել են գնացքի փորձնական երթևեկությանը, հայտնում է apsny.ge-ն։
Փորձարկմանը նաև մասնակցել են «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն և այլ պաշտոնատար անձինք։
Ինչպես հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից՝ այս երկաթգիծը ճանաչվել է կարևորագույն նախագծերից մեկը, որն իրականացնում են Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այն կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։
Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 մլն դոլարի վարկ։ Այս նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Ղազախստանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Հնդկաստանը։










