Մինսկի Խումբն իր վերջին հայտարարությամբ ճանաչում է ՀՀ-ի զուսպ պահվածքը. Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակ

11:52 • 30.01.15

2015 թ-ի հունվարի 27-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության կապակցությամբ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հանդես է եկել հայտարարությամբ:

 

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի
վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը: Միջնորդները անկողմնակալորեն նշում են հակամարտության սրացման մեջ
Ադրբեջանի պատասխանատվությունը:


ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները համատեղ հայտարարությամբ
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին տեղեկացրել են «շփման գծի
երկայնքով և հայաստանա-ադրբեջանական սահմանի վրա հարձակումների
առնչությամբ  իրենց խիստ մտահոգությունը»: Վերջիններս Ադրբեջանին նաև կոչ
են արել  «հարգել հակամարտության խաղաղ կարգավորման լուծման նպատակով
ստանձնած սեփական պարտավորությունները»:


«Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված դիրքորոշումը»,- հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:


Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի
բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին:


«Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի
որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը,  ինչպես նաև
ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների
կողմ հանդիսանալու հանգամանքը»,- վերլուծեց Ֆրանսուա Ռոշբլուանը:


Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրեց, որ պատրանք է կարծել, թե
առանց այդ ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության
համաձայնության:


Իրենց հայտարարության մեջ համանախագահները նաև անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացումը` ընդգծելով «ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարևորությունը», ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան և հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմի կողից:


«Իրավացի են միջնորդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և
մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում
անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում »,-
հաստատեց Ֆրանսուա Ռոշբլուանը:


«Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում
խաղաղությանը: Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու
նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը, քան
կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում
ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը »,-
եզրափակեց նա: