2014-ը ԶԼՄ-ների համար լարված և ֆինանսապես ծանր տարի է եղել. ԽԱՊԿ զեկույց

21:21 • 30.01.15

2014 թվականը լրատվամիջոցների համար ճնշումների, մարտահրավերների առումով լարված տարի է եղել, իսկ ֆինանսական առումով՝ ծանր, ինչի հետևանքով մի շարք լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվել է:Այս գնահատականներն այսօր ներկայացվեցին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» 2014թ. տարեկան զեկույցի ամփոփմանը:


Նախորդ տարվա գնահատականն այն է, որ լրատվամիջոցները գործել են որոշակիորեն լարված պայմաններում:


«Նրանց վիճակված է եղել դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, իրենց իրավունքները և, առհասարակ, խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերի: Ընդ որում, ինչպես և նախկինում, սպառնալիքները հիմնականում գալիս էին իշխանական տարբեր ճյուղերից»,- հայտարարեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:


Որպես այդպիսին է դիտարկվում Քաղաքացիական օրենսգրքի 108.7 հոդվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը նախատեսում էր պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցներին, եթե նրանք օգտվում են ֆեյքային հաշիվների, այսինքն՝ ինտերնետի անանուն կամ կեղծանունով հանդես եկող օգատերերի զետեղած նյութերից, եթե դրանք պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն:


Հիշեցնենք,ո ր  լրագրողական 9 կազմակերպություններ, այդ թվում՝ ԽԱՊԿ-ը, դատապարտեցին օրինագիծը, ինչից հետո կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, ապա հայտնի դարձավ, որ օրինագիծն անորոշ ժամկետով հետաձգվել է:


Մամուլի համար վտանգավոր է դիտարկվում ՀՀ դատախազության հաղորդումը, որ նախաքննական տվյալները առանց դատախազության թույլտվության հրապարակելու դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության: Սա գտավ իր գործնական կիրառումը. մասնավորապես, «Առավոտից»  Գորիսի ոստիկանության բաժնի պետը պահանջեց իր աղբյուրի մասին տեղեկատվություն: Եվ եթե սա չունեցավ շարունակություն, ապա «Հրապարակ» օրաթերթը և Ilur.am-ը նույն պատճառով ներգրավվեցին երկարատև և մաշեցնող դատական գործընթացների մեջ:


2014-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել են լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ իրավունքների խախտումների ընդհանուր թիվը. համապատասխանաբար. 65 և 77:


2014-ին լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակական տվյալներն ըստ կիսամյակների. 1-ին կիսամյակում լրագրողների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնության 5, երկրորդում՝ 4 դեպք:


ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը շատ ավելին է.1-ին կիսամյակում՝ 29, 2-րդում՝ 14 դեպք:


Տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների տվյալները՝ 10 դեպք 1-ին կիսամյակում, 3՝ 2-րդում:


«ԶԼՄ-ների գործունեության տնտեսական պայմանները ԽԱՊԿ գնահատմամբ չի կարելի բարենպաստ համարել:  Ֆինանսական դժվարությունները խրոնիկական հիվանդություն են դարձել լրատվամիջոցների ճնշող մեծամասնության համար: Տարեսկզբին մի շարք թերթեր հարկադրված եղան բարձրացնել վաճառքի գինը»,- նշվում է զեկույցում:


Էլեկտրաէներգիայի  երկուանգամյա ՝2013-ին և 2014-ին   թանկացումը նպաստեց տպագրական ծախսերի աճին , իսկ տարեվերջին դրամի արժեզրկումը հավելյալ բարդություններ առաջացրեց պարբերականների համար: Պատահական չէ, որ 2014-ի մայիսից ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց լույս տեսնել «Ազգ» օրաթերթը, որը ավելի ուշ սկսեց հրատարակվել որպես շաբաթաթերթ:


Հայաստանում հունիսից դադարեց գործել խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող լարային ռադիոցանցը:  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն  դա բացատրեց լարային ռադիոյի անշահութաբերությամբ: