«Հայերը և հրեաները. բնական դաշնակիցներ, հարազատ հոգիներ». Ամերիկահայ գրող Քրիստոֆեր Ատամյանի հոդվածը
Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ատամյանը «Հայերը և հրեաները. բնական դաշնակիցներ, հարազատ հոգիներ», վերնագրով հոդված է հրապարակել է The Huffington Post պարբերականում, որում անդրադառնում է հայ և հրեա ժողովրդի նմանություններին, պատմական կենսակերպին և բարեկամությանը:
«Հայերը և հրեաները շատ նմանություններ ունեն. նրանք երկուսն էլ հնագույն մերձարևելյան ժողովուրդներ են` երկարամյա և հայտնի պատմությամբ: Նրանք հաճախ հետապնդումների զոհ են դարձել, որի գագաթնակետն է դարձել 1915-ի Հայոց ցեղասպանությունը և Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների Հոլոքոստը: Ադոլֆ Հիտլերն իրականում մոդելավորել է Հոլոքոստը՝ հայերին բնաջնջելու Օսմանյան կայսրության ծրագրի նմանությամբ:
Հայերի և հրեաների միջև նմանություններն ավելի խորն են. երկու ժողովուրդն էլ հայտնի են արվեստում իրենց վարպետությամբ և կրթության արժեվորման գրեթե գերբնական աստիճանով: Երուսաղեմում կա հայկական թաղամաս, որը թվագրվում է 4-րդ դարին: Իրականում Հայաստան այցելելով` կարող եք հանդիպել իսրայելական անունների, ինչպես օրինակ` Ահարոնյան կամ Մովսես Ղափլանյան. այդ հարազատությունն անհետացել է դարավոր գոյակցության ընթացքում, սակայն անուններին ու մարդկանց արտաքինին նայելով` կարելի է հասկանալ, թե պատմականորեն որքան մոտ են եղել այս երկու ժողովուրդը»:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Հայաստանը որպես հակասեմիթական երկիր ներկայացնելու՝ ադրբեջանական լոբբիի հեղինակների փորձերին, որով վերջիններս ցանկանում են թշնամություն սերմանել Հայաստանի և Իսրայելի միջև: «Հաշվի առնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունը, որը չի ճանաչում Ցեղասպանությունը և դեռ Հայաստանին է մեղադրում Լեռնային Ղարաբաղի պատերազմն սկսելու մեջ, դա զարմանալի չէ, բայց դա չի աշխատի», - գրում է Ատամյանը:
«Ինչպես Իսրայելը, Հայաստանը նույնպես շրջապատված է հիմնականում թշնամի երկրներով` Թուրքիայով և Ադրբեջանով: Իսրայելը ևս բարդ դրության մեջ է: Այն շանտաժի է ենթարկվում Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պահանջով, մինչդեռ նավթով հարուստ Ադրբեջանը, որը Թուրքիայի բարեկամն է, զենք է գնում հրեական երկրից:
Վերջապես՝ կցանկանայի հիշատակել Քեմալ փաշայի ղեկավարությամբ գործող օսմանյան թուրքերին, ովքեր ադրբեջանցի դաշնակիցների հետ միասին ծրագրել էին հայերին բնաջնջելուց հետո երկրի երեսից վերացնել Պաղեստինի լիբանանյան և հրեական բնակչությանը: Եթե Էրդողանի և Ալիևի համատեղ ջանքերը` Իսրայելին համոզելու, թե ով է նրա իրական դաշնակիցը, չեն աշխատում, ապա ոչինչ չի աշխատի: Իրականում հայերն անհանգստացած չեն. բոլորը գիտեն, որ Իսրայելը և Հայաստանը, հայերն ու հրեաները հարազատ հոգիներ են և ընկերներ: Հակառակը պնդելը պարզապես նշանակում է շրջել աշխարհը գլխի վրա»:










