ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, երբ օդաչուն չի կարողացել մտնել օդաչուների խցիկ
Delta Airlines ավիաընկերության MD-90 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ օդաչուն վթարային վայրէջք է կատարել Լաս Վեգասի օդանավակայանում, երբ ինքնաթիռի կապիտանը չի կարողացել վերադառնալ օդաչուների խցիկ, գրում է korrespondent.net-ը:
Ինքնաթիռը Լաս Վեգաս է ժամանել Մինեապոլիսից: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ կապիտանը վայրէջքից առաջ մի քանի րոպեով լքել է խցիկը, սակայն չի կարողացել վերադառնալ իր տեղը, քանի որ դուռն արգելափակվել է: Երկրորդ օդաչուն հայտարարել է արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին և բարեհաջող իջեցրել ինքնաթիռը:
168 ուղևորներից ոչ մեկ չի տուժել:
Մակկարան օդանավակայանի ներկայացուցիչների տվյալներով՝ քաղաքացիական ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել օդաչուներից մեկի ղեկավարությամբ: Հաղորդվում է, որ Delta Airlines-ի անձնակազմը պատրաստ է եղել նման սցենարի, երկրորդ օդաչուն բավականաչափ հմտություններ ունեցել է ինքնաթիռի ապահով վայրէջքն ապահովելու համար:










