Շփման գծի երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը սադրանք է. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը սադրանք է անվանել և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Շփման գծի երկայնքով «անօդաչուների» օգտագործումը սադրանք է: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»,- գրել է համանախագահը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե հայկական անօդաչու սարք են ոչնչացրել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ՝ հորինված և մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:










