Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ

18:42 • 30.01.15

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել` դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

 

Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում` առաջ քաշված բոլոր վարկածները համակողմանի ստուգելու,  դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։


Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:

 

Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների  սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։


Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: