Հայկական ներքաղաքական կյանքը գտնվում է «stand by» վիճակում. Ալ. Իսկանդարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ուղղված Ադրբեջանին, հայկական դիվանագիտության լավ աշխատանքն է:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով նաև, թե այստեղ դեր ունեն նաև իրավիճակային զարգացումները:
«Մինսկի խմբի առաքելությունը ստատուս քվոյի պահպանումն է: Խումբը հիմա կատարում է այն, ինչը իր շահերից է բխում»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, թե Մինսկի խմբի վարած քաղաքականությունն այսօր կարելի է համարել վատը:
Միևնույն ժամանակ Իսկանդարյանն ասաց նաև, թե այժմ Մինսկի խմբի աշխատանքը շատ դժվար է: Ըստ նրա, դրա համար պատճառ է հանդիսանում նավթի գնի իջեցումը, համաշխարհային ճգնաժամը, ռուս-արևմտյան խնդիրները, սահմաններում լարվածությունը և այլ հարցեր:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, քաղաքագետն ասաց, թե Հայաստանի քաղաքական կյանքում ներկա պահին ոչ մի էական բան չի կատարվում:
Քաղաքագետի բնութագրմամբ՝ կարելի է ասել, որ ներքաղաքական կյանքը գտնվում է համակարգչային լեզվով ասած՝ «stand by» վիճակում:
Նրա գնահատմամբ՝ ամեն էական բան արդեն իսկ կատարվել է անցած տարի:
«Հիմա ամենաէական գործողությունը Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունն է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:










