ԱՄՆ պետքարտուղարին տուգանել են 50 դոլարով՝ իր տան առջևի ձյունը չմաքրելու համար
Բոստոնի իշխանությունները տուգանել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին 50 դոլարով՝ իր տան առջևի ձյունը չմաքրելու համար, գրում է РИА Новости-ն։
Լույս երեքշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտեցել այս տարվա առաջին փոթորիկը, ուժեղ քամին ուղեկցվել է ձյան առատ տեղումներով։ Բոստոնում տեղացել է ավելի քան 1.5 մ ձյուն։ Անհանգստանալով, որ քաղաքային ծառայությունները չեն կարողանա հաղթահարել իրավիճակը, քաղաքապետ Մարտին Ուոլշը հանձնարարել է բնակիչներին ինքնուրույն մաքրել։ Բոլոր նրանց, ովքեր չեն մաքրի իրենց տան տարածքը, քաղաքապետը տուգանքով է սպառնացել։ Չմաքրված ձյան համար պատժվածների ցուցակում է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարը։
Ձյան տեղումների օրը Քերին գտնվել է Սաուդյան Արաբիայում և ԱՄՆ է վերադարձել չորեքշաբթի, սակայն Բոստոն կարող է հասնել միայն ուրբաթ։
Քերիի մամուլի խոսնակը վստահեցրել է, որ նա անպայման կվճարի տուգանքը և հայտնել է, որ տուգանքի մասին տեղեկությունը ստանալուց հետո պետքարտուղարի 5-հարկանի նստավայրի տարածքը մաքրվել է։










