Ադրբեջանում լրագրողը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խուլիգանության մեղադրանքով

10:54 • 30.01.15

Ադրբեջանական «Ազադլըք» թերթի աշխատակից և «Ադրբեջանական ժամ» ինտերնետային ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազին մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար և ազատազրկվել 5 տարի ժամկետով:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, նույն գործով մեկ այլ մեղադրյալ Մագերամ Հասանովը, որը Խազիին կռվի էր դրդել, ընդամենը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել:

 

Լրագրողի փաստաբան Ադըլ Իսմայլովը նշել է, որ եթե լրագրողը չարդարացվի, դա կնշանակի, որ լրագրողին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, քանի որ նա ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ էր և քննադատում էր իշխանությանը:

 

Խազին ինքը հաղորդել է, որ իրեն անգամ չեն վերադարձրել նախօրեին կալանավայրում իրենից վերցրած վերջին խոսքի տեքստը:

 

«Իմ պապերին բռնաճնշել են 1937թվականին: Այժմ մեզ ճնշում է համակարգը, որն ստեղծվել է Ազգային անվտանգության բյուրոյի գեներալ Հեյդար Ալիևի կողմից: Մեր պայքարը ոչ թե պայքար է իշխանության և ընդդիմության, այլ բարու ու չարի միջև: Պետությունը հիմնվում է իրավունքի ու արդարության վրա, և մենք կվերականգնենք Ադրբեջան պետությունը», -ասել է նա:

 

Լրագրողը նաև նշել է, որ իր ձերբակալությունը պատվիրել է անձամբ Իլհամ Ալիևն ու նրա աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, քանի որ իր հաղորդման ընթացքում նա բացահայտել է կառավարության հանցագործությունները: