Ցեղասպանության համահայկական հռչակագրին Էրդողանի արձագանքը ցույց տվեց, որ պատասխան չունեն. Կարեն Բեքարյան

12:17 • 30.01.15

«Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը պատահական չի համարում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի կողմից ընդունած համահայկական հռչակագրում անդրադարձ կա ապագա սերունդներին, որը հուշում է, որ սա հանգրվան է, որից հետո աշխատանքները, բնականաբար, շարունակվելու են:


Բեքարյանը շեշտում է՝ փաստաթուղթը հիմնված է 4 հիմնական հենասյուների վրա՝ հիշողություն, երախտագիտություն,  միջազգային պայքար և այն ուղին, որն անցնում է հայ ժողովուրդը:


«Երրորդ հիմնական էլեմենտը միջազգային պայքարն է: Հայաստանի Հանրապետությունն այսպիսի մակարդակով ու ձևաչափով հայտարարում է, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդն իր պարտավորությունն է զգում դեր ունենալու հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար»,- ասաց նա և նշեց, որ հստակեցվում է այն ուղին, որ անցնում է հայ ժողովուրդը ոճիրից հետո:


Կարեն Բեքարյանը նաև շեշտեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված  իրավական նշանակությունը՝ անհատական, համայնքային և համազգային պահանջով, որի իրականացումը կլինի 100-ամյակի իրական ձեռքբերումներից մեկը:


Վերլուծաբանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ  Էրդողանի այսօրվա հայտարարությունը, թե պետք է Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծել. Բեքարյանը նկատեց, թե իրադարձությունների զարգացումների արագությունը չափազանց մեծ է:

 

«Թուրքիայի՝ իր պատկերացման սկզբի էտապում արած «աննկարագրելի խելոք քայլը»՝ աշխարհի ղեկավարներին Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի միջոցառմանը հրավիրելը, առաջին հայացքից էր խելոք, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ քայլը հակառակ արդյունք տվեց, իսկ դրա համար բավական է հետևել միջազգային անդրադարձներին՝ ցինիզմը քողարկել չստացվեց: Ավելին՝ բերեց նաև Թուրքիայի համար ավելի մինուսային արդյունք»,- ասաց նա և հավելեց, թե Թուրքիան արդեն գիտակցում է այդ ամենը, հասկանում ու զգում է և երեկվա հռչակագրին էլ արձագանքելու փորձն անհաջող է:

 

«Դա ցույց է տալիս, որ արձագանք չունեն և հետևաբար, հին երգն է պտտվում՝ պատմաբանների  հարցում»,- ասաց նա: