Սա պատվիրան է հաջորդ սերունդներին. թուրքագետը՝ Ցեղասպանության հռչակագրի մասին

21:34 • 30.01.15

Հայոց ցեղասպանության հռչակագիրը մի կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության շուրջ հայության այս հարյուրամյա դեգերումների, գիտական նվաճումների, քաղաքական  ձեռքբերումների, նաև` ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության հռչակագրի մասին` նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե  հռչակագրում, ըստ էության, տեսական դրույթներ են ընդգրկված ինչպես անցյալի վերաբերյալ, այսինքն՝ մեր ձեռքերումների և  քաղաքակիրթ աշխարհի տված գնահատականի, այնպես էլ՝ ապագայի, այսինքն՝ թե ինչ ուղղություններով պետք է ընթանա Հայոց ցեղասպանության հետագա ընթացքը՝ ճանաչում, հատուցում և այլն:

 


«Ցեղասպանության հռչակագրի մեջ տեղ գտած դրույթներն արտացոլում են առնվազն մի քանի գիտական դրույթ. առաջին հերթին՝դրանում ցեղասպանագիտական լուրջ տեսակետներ կան, երկրորդ՝ իրավաբանական և քաղաքագիտական, և երրորդ՝ այն ամփոփում է ամբողջ պատմագիտական ձեռքբերումները, որ եղել են այս հարյուրամյակի ընթացքում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:


Շարունակելով խոսքը՝ թուրքագետն ասաց, թե հռչակագիրն, ըստ էության, ամբողջ հայության հավաքական կարծիքն է ընդգրկում՝ երկու կաթողիկոսի, կաթոլիկ համայնքի առաջնորդի, Հայաստանի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ:


Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ՝ սա նաև յուրահատուկ այն դեպքերից է, երբ հայությունը ո´չ միայն խոսքերով, այլև՝ գործով ցույց է տալիս իր միասնականությունը:

 

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այն, որ այս հռչակագրում կան ուղերձներ, ելույթներ, պատվիրաններ հետագա սերունդներին, ցույց է տալիս, որ Ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման և հիշելու գործընթացը շարունակական է և չի սահմանափակվելու ո՛չ 100-ամյակով, ո՛չ 150-ամյակով, այլ համամարդկային չարիքի  նկատմամբ տրված գնահատականն է, որը պետք է ընդունելի  և ընկալելի լինի ամբողջ մարդկության կողմից:

 

«Սա  նաև պատվիրան է հաջորդ սերունդներին շարունակել ՝ քայլերն այս  ուղղությամբ և լրացնել այն ձեռքբերումները, որ արվել են հարյուրամյակի ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով. «Սա մի հետաքրքիր բանաձև է, որը հայ ժողովուրդն առաջարկում ու ներկայացնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, համայն  մարդկությանը՝ ցեղասպանությունները հետագայում կանխելու և այնպիսի  միջավայր ստեղծելու, որ դրանք այլևս չկրկնվեն, և հայ ժողովուրդն իր փորձով, նաև՝ իր մաքառումներով ու իր հաջողություններով  համայն մարդկության համար ցույց է տալիս այդ ճանապարհը»: