Թուրք գործիչը սպառնացել է իշխանության գալու դեպքում երկրից արտաքսել 100 հազար հայի
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուսթաֆա Դեսթիջին հայտարարել է, թե իշխանության գալու դեպքում երկրից արտաքսելու է Թուրքիայում անօրինական բնակվող 100 հազար հայի, տեղեկացնում է Internet Haber կայքը:
Նա հայտարարել է, թե Հայաստանը «հետ չի քաշվում Ղարաբաղից» և առաջ է տանում «Ցեղասպանության մասին հեքիաթը», ինչի պատճառով էլ իրենք իշխանության գալու հենց առաջին օրն անօրինական մնացող հայերին Երևան են ուղարկելու:
Կուսակցության համագումարի ընթացքում Դեսթիջին նաև նշել է, որ Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկն էլ ահաբեկչությունն է, և խոստացել է իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում Թուրքիան և «թուրք մեծ ժողովրդին» ազատել Քրդական աշխատավորական կուսակցությունից (PKK) և ահաբեկչությունից:
Միևնույն ժամանակ նա Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանգիստ կյանք է խոստացել:
«Սակայն մյուս կողմից Հայաստանը հետ չի քաշվում Ղարաբաղից, «Ցեղասպանության հեքիաթից», ողջ աշխարհին ստիպում է դեմ դուրս գալ Թուրքիային և ոչ մի թուրք քաղաքացու, ոչ մի մուսուլմանի թույլ չի տալիս բնակվել իր երկրում: Այդ դեպքում մենք էլ այստեղ բնակվող 100 հազար հայերին թույլ չենք տա: Իշխանության գալու օրը նրանց Երևան ենք ուղարկելու»,- սպառնացել է թուրք գործիչը:










