Լուկաշենկոն չի ասել, որ չի բացառում ԵՏՄ-ից դուրս գալը. Բորիս Նավասարդյան

23:02 • 30.01.15

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցները համատեքստից դուրս են ներկայացրել Հայաստանի՝ ԵԱՏՄ գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ասուլիսում հնչեցված մտքերը: Եվ, հետևաբար, նա չի ասել, որ չի բացառում ԵՏՄ-ից դուրս գալը:

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բորիս Նավասարդյանը՝ ի պատասխան հարցի, թե Բելառուսի դուրս գալու դեպքում հնարավոր կլինի՞ խոսել ԵՏՄ մասին՝ որպես առանձին կառույցի, և ո՞րն է լինելու Հայաստանի ճակատագիրը:

 

«Ես հատուկ ուշադրությամբ լսեցի Լուկաշենկոյի ողջ հարցազրույցը, ոչ թե առանձին վերցրած դրվագներ, և այդ տարածված լուրերը, որ ինքը շատ սուր և խիստ էր խոսել, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մասին, չեն համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ ԵՏՄ-ին մասնակցության որևէ  սպառնալիք  կամ վտանգներ չկան: Բելառուսը մնալու է Եվրասիական միությունում այնքան, որքան դրանում շահագրգռված կլինի Ռուսաստանը»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

 

Հիշեցնենք, որ հայաստանյան բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներ նշել են, որ Բելառուսի նախագահը չի բացառել իր երկրի դուրս գալը ԵՏՄ-ից, քանի որ ապագա գործընեկերներից երաշխքներ չի ստացել էներգակիրների միասնական շուկա ստեղծելու  և մի շարք այլ սկզբունքային հարցերի վերաբերյալ: