Շանթ Հարությունյանի գործով վճիռը վերաքննիչ դատարանը կհրապարակի փետրվարի 2-ին
17.54
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 2-ին, ժամը 2-ին:
15.59
Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում՝ ցավում է մեջքը և գլուխը:
Թեև նա խնդրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, սակայն դատավորը նշեց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ:
Շանթ Հարությունյանը նշեց, որ սիրտը խառնում է, և Քրեակատարողական հիմնարկում իրեն թույլ չեն տվել դիմել բժշկի՝ ասելով, որ դա կկարողանա անել դատարանում:
Դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է կանչվի «Շտապբուժօգնության» բրիգադ, որը կպարզի, թե արդյոք Շանթ Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին:
Դատական նիստը ընդմիջվեց 40 րոպեով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որի համաձայն Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, 4 տարի պայմանական ազատազրկման։
Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման:










