Ակցիայի մասնակիցները հեռացան Կառավարության շենքի մոտից. երկուշաբթի կհավաքվեն ԱԺ-ի մոտ

11:27 • 30.01.15

Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է

15։27

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից ՀՀ վարչապետի հետ հանդիպած քաղաքացիները վերադառնալով ակցիայի մյուս մասնակիցների մոտ՝ ներկայացրին հանդիպման արդյունքները:


«Էնքան եմ ոգեշնչվել պարոն Աբրահամյանից, որ հասկացա, որ պարոն Աբրահամյանը մեր կողմից է: Ոչ մի բանից չեմ վախեցել, ամեն ինչ բացեիբաց ասել եմ, ասել եմ էդ Ալավերդյանին գործից դուրս  հանի»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից դուրս եկած քաղաքացին՝ շարունակելով. «Պարոն Աբրահամյանը երկուշաբթի օրը մեզ հեռուստաընկերություններով տեղյակ կպահի որոշման մասին: Համոզված եմ, որ ճիշտ որոշում կկայացնի»:


Ստեփան Ասլանյանն էլ իր հերթին հայտարարեց, թե առաջարկներ եղել են, վարչապետը կոնկրետ համաձայնություն տվել է վերանայելու և քննարկելու: «Վաղը չէ մյուս օրը նույն ներկայացուցչական խմբին հրավիրել է արդյունքների մասին տեղեկացնելու»,- հայտարարեց Ստեփան Ասլանյանը:


Ակցիայի մյուս մասնակիցներից շատերը հերթով մոտեցան բարձրախոսին և հայտարարեցին, թե պատրաստվում են երկուշաբթի՝ ժամը 11-ին լինել Ազգային ժողովի մոտ, իսկ երեկոյան գալ Կառավարության շենքի մոտ՝ վարչապետից ստանալու իրենց հետաքրքրող հարցի պատասխանը:


Կառավարության շենքի մոտ հավաքվածները հեռանում են՝ երկուշաբթի Ազգային ժողովի մոտ հավաքվելու պայմանով:




13.51


Կառավարության շենքի դիմաց շարունակվում է շաբաթվա սկզբից սկսած` փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան: ՓՄՁ ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի կասեցվի «Շրջանառության  հարկի մասին» նոր օրենքը, որը գործելու է փետրվարի 1-ից:

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը:

«Ձեր պայքարը, մեր պայքարը ճիշտ է, արդարացի է, և մենք այս երկիրը պետք է այս փոսից հանենք: Հոկտեմբերի սկզբին մենք ձեզ հետ միասին մշակեցինք քայլերի ծրագիր, այն է՝ որ անպայման պետք է կամավորության սկզբունքը լինի: Եթե կան ձեռներեցներ, որոնք ուզում են աշխատել փաստաթղթով, մենք դրան դեմ չենք, թող 1%-ով աշխատեն, բայց այդ դեպքում շրջանառության շեմը 100 միլիոնից թող անցնի»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորն ասաց, որ երկուշաբթի օրը, երբ ԱԺ քառօրյան կմեկնարկի, ինքը հենց սկզբից դիմելու է, որպեսզի ԱԺ նախագահի մոտ արտակարգ և արտահերթ խորհրդակցություն հրավիրվի, կհրավիրեն ֆինանսների նախարարին և այն պաշտոնյաներին, ովքեր առնչվում են այս խնդրին, որպեսզի արտահերթ կարգով այդ հարցը լուծում ստանա:

«Եթե փաստաթուղթ են ուզում, թող խոշորին ասեն՝ փաստաթուղթ տա, ինչ է՝ խոշորի տեղը չգիտե՞ն»,-հայտարարեց Մելքումյանը:

Նշենք, որ այս պահին ակցիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են կառավարության շենքի ներսում:

Նշենք նաև, որ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մի քանի քաղաքներում տոնավաճառների մի մասը չեն աշխատում, քանի որ աշխատակիցները փակել են իրենց տաղավարները և մասնակցում են բողոքի ակցիային:
 

12.42


Քիչ առաջ ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը հրավիրեց մի քանի քաղաքացիների ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ՝ քննարկելու ակցիայի մասնակիցներին մտահոգող խնդիրները: 

Այս պահին ակցիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են կառավարության շենքի ներսում:

12.33


Ակցիայի մասնակիցներից մեկը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին գալ հրապարակ ու աջակցել իրենց:

Նա առաջինը դիմեց «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»:

«Հարգելի դաշնակներ, եթե ազգանպաստ բաներ եք ուզում անել, ուզում եք հայկական հողերը հետ վերադարձնել, պատրաստ ենք կանգնել ձեր կողքին, բայց հիմա եկեք` մեզ սատար կանգնեք: Ես կդիմեմ Արթուր Բաղդասարյանին, մի ժամանակ պաշտոն ունեիր, հիմա արի, մեզ սատարի: Դիմում եմ մեր առաջին նախագահին՝ լսում եք ձեր լոզունգը՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»: Իսկ որտե՞ղ եք դուք, եկե՛ք, սատար կանգնե՛ք»,-ասաց նա:

Քաղաքացին այնուհետև դիմեց իշխող «Հանրապետականին», մասնավորապես պատգամավորներին:

«Մեր հանրապետական բիզնեսմեն դեպուտատներ, լավ կյանքից չէ, որ դարձել եք դեպուտատ, գնացել եք, որ պահպանեք ձեր բիզնեսը: Մեզնից հետո ձեզ են անցնելու: Հաջորդը՝ հարգարժան Նիկոլ Փաշինյան, մենք տեսանք, որ դու պայքարող ես, մի տեսակ հարգում սիրում ենք, բայց այստեղ է այսօր քո տեղը: Րաֆֆի Հովհաննիսյան, եթե ձեզ անհրաժեշտ է մեր աջակցությունը, եկեք՝ առևտրականի կողքին կանգնեք»,-ասաց նա:  

Ակցիայի մասնակիցը նաև շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

«Միայն նա մի փոքր սատար կանգնեց, տեղ տվեց, որ մեր գործունեությունը անվճար իրականացնենք, բայց դա քիչ էր: Այսօր պետք է նրա աջակցությունը»,-ասաց նա:


12.18


Ակցիայի մասնակիցները անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության շենքի դիմաց, մինչև չնախաձեռնվեն համապատասխան քայլեր:

«Ես՝ Արտակ Խաչատրյանս, հայտարարում եմ, որ անցնում եմ նստացույցի, որի իրավունքը ունեմ ու դա նախատեսված է օրենքով»-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա հայտարարեց, որ պահանջում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականը:

Արտակ Խաչատրյանին միացան ևս մի քանի մասնակիցներ:


12.00


Եթե ակցիայի մասնակիցներին այսօր ՀՀ վարչապետը որևէ պատասխան չտա, իսկ ավելի ճիշտ՝ որոշում չկայացնի օրենքը կասեցնելու համար, ապա մինչև փետրվարի 2-ը տասնյակ հազարավոր ՓՄՁ ներկայացուցիչներ մեծ փաթեթով կառավարությանը կնվիրեն իրենց անհատ ձեռներեցի թերթիկները:

Ինչպես այսօր հայտարարեց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը` արդեն 7000 մարդ տվել է իր համաձայնությունը, սակայն նա համոզված է, որ այդպիսի անհատ ձեռներեցների թիվը մեծանալու է:


11.30


Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցների միջև անհամաձայնություն է ծագել:

Քաղաքացիներից մեկը բարձրախոսով սկսեց վանկարկել՝ «Հովիկ, հեռացի՛ր», ինչն առաջացրեց շատերի դժգոհությունը՝ իրենք չեն եկել հրաժարական պահանջելու:

«Մենք այստեղ մեր հարցի լուծումն ենք ուզում, պետք է վիրավորանքներ չհնչեցնենք, հանգիստ ձևով փորձենք հարցը լուծել: Եթե չստացվի, նոր կդիմենք ծայրահեղ քայլերի»,-ասաց մեկ այլ ՓՄՁ ներկայացուցիչ:

Ակցիայի մասնակիցներն այս պահին սպասում են, որ կառավարության նիստի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը կամ կիջնի ներքև կամ կընդունի իրենց:


11.26



ՓՄՁ ներկայացուցիչներն այսօր կրկին կառավարության շենքի առջև են: Նրանք պահանջում են, որպեսզի կասեցվի փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի շրջանառության հարկը 3.5%-ից նվազել է 1%-ի, սակայն նրանք հարկային մարմիններին պարտավոր են յուրաքանչյուր ապրանքի մասին հաշիվ ապրանքագիր ներկայացնել:


Հիշեցնեմ, որ առևտրով զբաղվողները արդեն 4-րդ օրն է՝ հավաքվում են կառավարության շենքի դիմաց: Երեկ նրանք բողոքի ակցիա անցկացրին նաև նախագահական նստավայրի առջև, որտեղ խոստացան, որ եթե այսօր ժամը 11-ին կառավարությունն իրենց պատասխան չտա, ապա 10 օրով կփակեն խանութները և չեն վճարի հարկերը:


Նշենք, որ այս չորս օրերի ընթացքում որևէ բարձրաստիճան պաշտոնյան չի մոտեցել քաղաքացիներին: Ակցիայի առաջին օրը վարչապետը հրավիրեց 10 հոգու, սակայն մասնակիցները չհամաձայնեցին՝ պահանջելով, որ վարչապետն ինքը իջնի: