Տորոնտոյի հայերի միջոցներով արդիականացվել է Շոշի դպրոցը

12:01 • 30.01.15

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդիականացրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի` շուրջ մեկ տասնամյակ առաջ Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված եռահարկ դպրոցը:


«Արմենպրես»-ին  «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել են, որ Տորոնտոյի հայերի շարունակական հոգածության շնորհիվ այս անգամ էլ մասնակի վերանորոգում է իրականացվել դպրոցում. մասնավորապես՝ հարդարվել են արտաքին պատերը, միջանցքները, դահլիճը, գրադարանն ու բուժկետը պատվել են խտացված գրանիտե սալահատակով, նորոգվել են պատշգամբները:


Տեղումներից արդյունավետ պաշտպանելու նպատակով պատուհանների ու պատշգամբների վրա տեղադրվել են ծածկեր: Դպրոցի տարածքը ցանկապատվել է:


«Հիմնադրամն իր հոգածության ներքո է պահում այս համայնքը: Շուտով այստեղ շահագործման կհանձնվի նաև Հիմնադրամի կողմից ներկայումս տարբեր գյուղերում կառուցվող ինը համայնքային կենտրոններից մեկը, որտեղ կենտրոնացված կլինեն գյուղի բուժկետը, գրադարանը, խաղասրահը, հանդիսությունների սրահն ու գյուղապետարանը»,-նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:


Կրթօջախում այսօր ուսանում է շուրջ 150 աշակերտ` այդ թվում հարևան համայնքներից: Տորոնտոահայ բարերարի աջակցությամբ 2012-ին դպրոցը ձեռք է բերել միկրոավտոբուս, որը սպասարկում է հարակից գյուղերի աշակերտներին:


Երկու տարի առաջ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով դպրոցի համակարգչային սրահն ապահովվել է նաև ինտերնետ կապով: Տարբեր տարիների դպրոցականներին նվիրաբերվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից կարված գեղեցիկ դպրոցական համազգեստներ: