Հոր կողմից կացնահարված որդու հուղարկավորությանը մայրը չի մասնակցել
Հանրությանը ցնցած սպանության զոհի՝ հոր կողմից կացնահարված Գերման Ոսկանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել ոչ թե իրենց բնակարանից, այլ մոտակա եկեղեցուց և սպանվածի մայրը ներկա չի եղել որդու հուղարկավորությանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոսկանյանների հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ անունը հրապարակել:
Նա նաև տեղեկացրեց, որ շենքում խոսում են այն մասին, որ մայրը ևս խառնված է եղել այդ պատմությանը, ինչը, սակայն, քննչական կոմիտեում մեր աղբյուրը հերքեց՝ որակելով որպես բամբասանք: Սակայն ինչ վերաբերում է մոր՝ որդու թաղմանը չգնալուն, ապա սա բացատրվեց նրանով, որ լարված են մոր և սպանվածի կնոջ՝ հարսի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին, ասելով, որ Գերմանը նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:
Իսկ մի քանի օր անց նույն շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով, ինչից հետո հայրը խոստովանել էր, որ ինքն է սպանել որդուն, դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել:
Tert.am-ին Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ձերբակալված Կարապետ Ոսկանյանի նկատմամբ երեկ մեղադրանք է առաջադրվել, կալանքի որոշում է կայացվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:










