ԱՄՆ-ն չի բացառում Իրաք ցամաքային զորք ուղարկելը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

11:19 • 31.01.15

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը լրացուցիչ քայլեր է պահանջում, այդ թվում նաև ցամաքային զորքի ուղարկում Իրաք, գրում է ria.ru-ն։

 

«Ես գտնում եմ, որ դրությունը կարող է պահանջել մեր զինվորականների մի մասի գործուղումն Իրաք։ Ես չէի ասի, որ դրա կարիքն առայժմ կա։ Արդյո՞ք ապագայում նման պահանջ կլինի, թե ոչ՝ ես չգիտեմ»,- ասել է Հեյգելը։

 

Նա նաև մանրամասնել է, որ ամերիկյան զինված ուժերն անմիջականորեն չեն մասնակցելու ռազմական գործողություններին, այլ օգնության են գալու ահաբեկիչների դեմ պայքարող իրաքցի զինվորականներին և աջակցելու են ահաբեկիչների դիրքերը պարզելու և հետախուզական տեղեկություններ հավաքագրելու հարցում։

 

Նշենք, որ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, օդային հարվածներ է հասցնում Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին։