Իտալիայի խորհրդարանը հերթական անգամ կփորձի նախագահ ընտրել

10:42 • 31.01.15

Իտալիայի խորհրդարանի երկու պալատներն այսօր 4-րդ անգամ կփորձեն երկրի նախագահ ընտրել։ Այդ պաշտոնը թափուր է հունվարի 14-ից՝ 89-ամյա Ջորջո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, գրում է Взгляд-ը։

 

Խորհրդարանի նիստը կարող է որոշիչ լինել։ Բանն այն է, որ նախորդ 3 քվեարկությունների ընթացքում պետության ղեկավարի թեկնածուին անհրաժեշտ է եղել հավաքել ձայների 2/3-ը (673 ձայն 1009-ից)։ Դրան հասնելն անհնար է եղել ընտրողների միջև տարաձայնությունների պատճառով, ովքեր տարբեր կուսակցություններ են ներկայացնում։ Նրանց մեծամասնությունն անգամ չի լրացրել քվեաթերթիկները։

 

Միակ հնարավոր թեկնածուն է համարվում Սահմանադրական դատարանի 73-ամյա դատավոր Սերջիո Մատարելան։ Նրան է աջակցում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Մատեո Ռենցիի։