Քոնդոլիզա Ռայսը պահանջել է New York Times-ից չհրապարակել Իրանում ԿՀՎ-ի գործողության մասին հոդվածը

15:01 • 31.01.15

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Ջեֆրի Սթերլինգին տասնյակ տարիների ազատազրկում է սպառնում։

 

Հունվարի 27-ին ԱՄՆ-ում դատարանը նրան մեղավոր է ճանաչել ԿՀՎ-ի գործողությունների մասին տեղեկության արտահոսքի համար, որն ուղղված է եղել Իրանի միջուկային ծրագրի խափանմանը, գրում է Russia Today-ը։

 

Հետաքննության տվյալներով՝ Սթերլինգն այդ տեղեկությունը հայտնել է The New York Times թերթի աշխատակից Ջեյմս Ռայզենին։ Սակայն հոդվածը չի հրապարակվել՝ Քոնդոլիզա Ռայսի միջամտության շնորհիվ, ով այդ ժամանակ զբաղեցրել է նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

 

Ռայսը խոստովանել է, որ 2003-ին Սպիտակ տուն է կանչել The New York Times-ի խմբագրին և պահանջել չհրապարակել այդ հոդվածը։ Պարբերականը ենթարկվել է։ Դա եղել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԿՀՎ-ն ձախողել իրանական միջուկային ծրագրի խափանման գործողությունը։

 

Երեք տարի անց թղթակից Ջեյմս Ռայզենը հրապարակել է հոդվածն իր գրքում։ Այդ ժամանակից ի վեր շատերը կարծիք են հայտնել, որ ԿՀՎ-ի ձախողած գործողությունը ոչ մի կապ չի ունեցել ազգային անվտանգության հետ։