ՀՀ ընդդիմադիր դաշտում այլևս եռյակ գոյություն չունի. Տիգրան Կարապետյան

11:52 • 31.01.15

ՀՀ ընդդիմադիր դաշտում այլևս եռյակ գոյություն չունի, կա միայն ժողովրդական շարժում, որն առաջնորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:


«Ես այսօր փրկությունը տեսնում եմ Ծառուկյանի ղեկավարած համազգային շարժման մեջ, իսկ լիդեր այսօր կարող է լինել Ծառուկյանը»,- ասաց նա:


Նա նշեց, որ իր տեղեկություններով հավաք է հրավիրելու, որին ինչպես արդեն հայտարարվել է, «Ժառանգությունը» չի մասնակցելու, ինչը իր կարծիքով սխալ է:


«Իրենք սխալ են անում, որ չեն մասնակցելու հավաքին, գնալով մանրանում են, Րաֆֆին միշտ ասում է, որ քանակը կապ չունի, բայց ունի, գնալով ծիծաղի առարկա են դառնում: Ծառուկյանը ունի ռեսուրս, չի ուզում, որ նեղ շրջանակները օգտվեն, ուզում է, որ ժողովուրդը օգտվի: Այսօր Ծառուկյանը պահի հանրահավաքներով, վաղը դնեն նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը, դե թող իրենք իրենց ուժերով կազմակերպեն, մարդաշատ դարձնեն, առաջ մղվեն»,- ասաց նա:


Տիգրան Կարապետյանը անդրադարձավ նաև ՀՅԴ-ին և ընդգծեց, որ նրանք միշտ էլ համագործակցել են իշխանության հետ: «Իշխանությունը գիտի, որ եթե Դաշնակցությունը ընդդիմություն է դառնում, դա վտանգ է, իսկ երբ պաշտպանում է, իշխանությունը հզոր է ձևանում, բայց փտած է իրականում»,- ասաց նա: