ՌԴ-ում քաղաքացին հոսպիտալացվել է էբոլայով վարակված լինելու կասկածանքով
Ռուսաստանի Պրիմորյե երկրամասում «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցը, ով որոշ ժամանակ աշխատել է Սենեգալում և Գվինեայում, տեղափոխվել է հիվանդանոց՝ էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով, ինչպես տեղեկացնում է TASS գործակալությունը, այս մասին հայտնել են երկրամասի առողջապահության վարչությունից:
Տղամարդուն տեղափոխել են Ուսուրիյսկ քաղաքի հատուկ հիվանդանոց: Նրա անալիզներն այսօր ինքնաթիռով կուղարկվեն Նովոսիբիրսկում գտնվող հատուկ լաբորատորիա:
Նշվում է, որ տղամարդու մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, երբ նա Վլադիվոստոկ է ժամանել Մոսկվայից SU1702 թռիչքով:
Ինքնաթիռի աշխատակազմը արագորեն նրան մեկուսացրել է օդանավի պոչային հատված, իսկ ժամանելուն պես նրան արդեն սպասում էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ առայժմ Ռուսաստանի Դաշնությունում Էբոլա վիրուսով վարակվելու դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել:
Կարդացեք նաև՝ Էբոլայի համաճարակը մոտենում է ավարտին. ԱՀԿ










