Շանթի և ընկերների գործով վճիռը Վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը՝ 4 տարի պայմանական ազատազրկման։ Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման:
Դատական նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վճռից հետո բարձրաձայն հայտարարեց՝ «Որոշումը հանուն Հայաստանի Հանրապետության չէ» և հեռացավ:
Որոշումն ավելի ցավալի ընդունեցին դատապարտյալների հարազատները, քան իրենք դատապարտյալները: Վերջիններս արձագանքեցին, թե որոշումը Պուտինինն է և իրենք ավելին չէին էլ ակնկալում:
Հիշեցնենք 2013թ-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մի խումբ քաղաքացիների հետ փորձել էր Երևանի Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով մահակներով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն, սակայն բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ձերբակալվել էին:










