Արցախցիները մեզ սպասում էին, սա ընդամենը իշխանության մի քանի խամաճիկների ձեռքի գործն է. Վարուժան Ավետիսյան

13:52 • 02.02.15

Արցախի սահմանային անցակետում տեղի ունեցածը նախապես պլանավորված ծրագիր էր: Նման կարծիք այսօր հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հրավիրված մամուլի ասուլիսին. նրա աչքերի տակ առկա էին կապտուկներ:  


«Երեկ իրազեկման ավտոերթով մեր կանանց և երեխաների հետ՝ մոտ 120 մարդ, քառասուն մեքենա, մեկնել էինք: Ընթացքում լուրեր ստացանք, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների փորձում են մեր դեմ հանել ու խափանել երթը: Այնուհետև իմացանք, որ մեզ ընդառաջ եկողներին ծեծել են ու տեղափոխել հիվանդանոց: «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի պաստառի մոտ մեզ դիմավորեց ոստիկանական պատնեշը, որը հատուկ մշակված օպերացիա էր: Իրենց նպատակն էր՝ սադրել բախում ստեղծել»,-ասաց նա:


Վարուժան Ավետիսյանը ընդգծեց, որ ոստիկանությունն ուներ երկու ծրագիր՝ սադրել ու ծեծուջարդ սկսել, իսկ եթե մասնակիցները սադրանքի չենթարկվեն, ապա միևնույնն է՝ ծեծուջարդ իրականացնել:


«Դրա համար դիպուկահարներ էին կանգնած տարածքում, օգտագործում էին անօդաչու թռչող սարք, որը հետո վայր ընկավ, Արցախի հեռուստաընկերության լրագրողը ու օպերատորն էր ներկա, նկարահանվում էր նաև երկու այլ տեսախցիկով: Այնպես որ իրենք ամբողջական տեսանյութը ունեն և կարող են հրապարակել»,-ասաց նա:


Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ ծրագիր կար Արցախյան ազատամարտի մասնակից Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ՝ ծեծի ենթարկել ու առևանգել, սակայն վերջինիս շփոթել են մեկ այլ մասնակցի հետ:


«Նրանք առևանգել էին ազատամարտիկ Պավել Մանուկյանին, որը ոստիկանների ռացիայից լսել էր՝ « Սլեպոյին բռնել եք, սատկացրեք»։ Ծեծուջարդ իրականացնելիս առաջինը հարձակվեցին լրագրողների վրա, «ռեյդ» կոչվածի անվան տակ սկսեցին ստուգել մեքենաները ու նախապես հավաքել տեսախցիկները, որ հետո սկսեն իրենց գործողությունները: 10 հոգով հարձակվեցին ազատամարտի պայքարի մեկ այլ խորհրդանիշ՝ Ժիրայր Սեֆիլյանի վրա ու մահակներով հարվածում էին»,-ասաց նա:


Միաժամանակ Վարուժան Ավետիսյանը հորդորեց, որ որևէ մեկը թշնամություն չսերմանի արցախցիների ու հայաստանցիների միջև, քանի որ մենք նույն ազգն ենք:


«Արցախցիները մեզ սպասում էին, սա ընդամենը իշխանության մի քանի խամաճիկների ձեռքի գործն է: Զերծ մնանք ատելություն սերմանելուց, միևնույն ժողովրդի երկու հատվածներին իրար դեմ հանելուց»,-ասաց նա:


Վարուժան Ավետիսյանը չբացառեց, որ առաջիկայում նորից կանցկացնեն ավտոերթ: