ԵԽԽՎ-ում «ազատ դեբատներին» հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ցեղասպանության հարցը

16:01 • 02.02.15

Քանի որ ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը 2015թ.-ի առաջինն էր, և այս տարվա մեջ նշվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Հայաստանի բոլոր պատվիրակների ելույթների թեման ուղղված էր Հայոց ցեղասպանությանը՝ հիշեցում, ճանաչում և հրաժարում ժխտողականությունից։


Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝  ի պատասխան այն հարցի, թե արդյոք ինչ-որ քայլեր են արվել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար։


Նաղդալյանը նշեց, որ քանի որ օրակարգում այլ հնարավորություններ չեն եղել՝ անդրադառնալու այս թեմային, անդրադարձ եղել է «ազատ դեբատներ» կոչվող ժամին:


«Այդ ժամանակ պատվիրակները կարող են խոսել այն թեմաներից, որոնք կարևոր են իրենց համար, և մենք երեքս էլ այդ ժամանակ խոսել ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, Ցեղասպանության, ցեղասպանության հանցագործության մասին, որը վաղեմության ժամկետ չունի ու չի ճանաչում որևէ մեղմացուցիչ հանգամանք: Մենք ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին բազմաթիվ երկրներում սփյուռքահայությունը, տարբեր երկրների հասարակությունները, միջազգային կառույցները հիշելու են այդ ցավալի իրադարձության հարյուրամյակը, և աշխարհի իսկապես պրոգրեսիվ ուժերը պարտավոր են ամեն ինչ անել, որ ցեղասպանություն հանցագործությունը չկրկնվի երբեք որևէ ժողովրդի հետ կապված»,-ասաց նա: