ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» հրաժարվեցին մաս կազմել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովին
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԱԺ նստաշրջանի սկզբին քննարկման դրվեց ԱԺ-ի ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կազմը:
Վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ԲՀԿ-ն չի լինելու այդ հանձնաժողովում։
«Եթե կազմավորման կարգը մնում է նույնը, որտեղ ՀՀԿ-ն լինելու է դոմինանտ, իսկ մյուսների վրա լինելու է «մասովկայի» դերը, մենք չենք լինի»,-ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ևս նշեց, որ հրաժարվում են մաս կազմել այդ հանձնաժողովին: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, ընտրակեղծիքները թափանցել են Հաշվիչ հանձնաժողով, ուստի «ՀԱԿ-ը բնականաբար չի մասնակցի»:
ՕԵԿ-ը նույնպես չի մասնակցի այդ հանձնաժողովի ձևավորմանը. ՕԵԿ խմբակցության անունից այս մասին ասաց Հովհաննես Մարգարյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց խորհրդարանին, որ հարցով նախագիծ է ներկայացրել նաև Արծվիկ Մինասյանը:
«Կա այլ առաջարկ, այն դրվելո՞ւ է քվեարկության թե՞ ոչ»,-հարցրեց նա:
«Ես առաջարկել եմ, և այն դնում ենք քվեարկության, եթե խնդիրներ լինեն կարող ենք կարգը փոխել. խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի շատ անդամներ ունի. կարգն է այդպիսին»,-ասաց Գալուստ Սահակյանը:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ իրավական լուրջ գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ Հաշվիչը հանձնաժողովը զուտ տեխնիկական ընթացակարգ է իրականացնում։ Ըստ նրա՝ այս որոշումը մեջտեղ եկավ այն ժամանակ, երբ ընդդիմությունն այն փորձեց օգտագործել քաղաքական նպատակներով:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես արձագանքեց՝ նկատելով, որ հարցը հրատապ չէ և ճիշտ կլինի քվեարկությունը թողնել վաղվան:
«Բնական է՝ վաղվան չենք թողնի, որովհետև կանոնակարգի պահանջ է»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության, այն մերժվեց 61 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագիծը ևս մերժվեց 45 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:










