Լոնդոնի բնակչությունը հասել է ռեկորդային 8,6 միլիոնի
Լոնդոնի բնակչությունը հասել է 8,6 միլիոնի՝ 1939 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշից հետո ռեկորդ սահմանելով: Այդ մասին հայտնել են Լոնդոնի իշխանությունները, հաղորդում է BBC-ն:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, հայտարարելով քաղաքի բնակչության աճի մասին, նշել է, որ կանխատեսվում է՝ մինչև 2050 թվականն այն կհասնի 11 միլիոնի:
Տվյալների համաձայն՝ ամենաշատը բնակչությունն աճել է Հիլինգթոնում՝ 1939 թվականի 159 000-ից հասնելով 289 000-ի, իսկ քաղաքի բնակչության 44 տոկոսն այժմ սևամորթ կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է:
Ջոնսոնը նշել է, որ դա ապացուցում է, որ Լոնդոնն «աշխարհի լավագույն քաղաքն է»:
«Ավելի շատ կանաչ տարածքներով, քան ցանկացած այլ եվրոպական քաղաք, ծաղկող տնտեսությամբ, հանցագործությունների ցածր ցուցանիշով և բուռն մշակութային կյանքով, զարմանալի չէ, որ Լոնդոնն այն քաղաքն է, որտեղ պետք է ապրել»,- ասել է Բորիս Ջոնսոնը:










