Դնեպրոպետրովսկի պողոտաներից մեկն անվանակոչվել է Սերգեյ Նիգոյանի անունով. Իվան Կուխտա
Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի Կալինոնա պողոտան անվանակոչվել է «Մայդանի» իրադարձությունների առաջին զոհի՝ Ուկրաինայի՝ ազգությամբ հայ քաղաքացի Սերգեյ Նիգոյանի անվամբ:
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ պատասխանելով հարցին, թե ««Մայդանից» հետո մեկ տարի է անցել, հաղթե՞լ է Ուկրաինան, պարտվե՞լ, քանի որ անցած մեկ տարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններ կան:
«Սերգեյ Նիկոյանի արարքը հերոսին արժանի արարք էր: Մեզ հաճելի է, որ տեղական ինքնակառավարման մարմինները հարգում են նրա հիշատակը: Քանի որ նրանք կանգնած էին առաջին գծում, նրանք Ուկրաինայում ազատության, ժողովրդավարության և եվրոպական կուրսի հաստատման համար տվեցին իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը»,-ասաց Իվան Կուխտան:
Հիշեցնենք, որ 20-ամյա Սերգեյ Նիգոյանը զոհվել է հրազենային վնասվածքից 2014թ. հունվարի 22-ի առավոտյան՝ Կիևի Գրուշչևսկու փողոցում։ Երիտասարդը մայրաքաղաք Կիև էր եկել Եվրամայդանի սկսվելուց 2 շաբաթ անց՝ առանց ծնողներին տեղեկացնելու։ Միայն Կիև հասնելուց հետո էր նա զանգահարել տուն և հայտնել, որ մտադիր է մինչև վերջ կանգնել։
Իվան Կուխտան հավելեց, որ Ուկրաինայի նախագահի հրամանով «Մայդանի» զոհերին շնորհվել է «Ուկրաինայի հերոս» կամ համապատասխան այլ պարգևներ, տրվել են համապատասխան փոխհատուցումներ:










