Լեհաստանում առաջարկել են Հաղթանակի օրը նշել ոչ թե Մոսկվայում, այլ Վեստերպլատեում

15:59 • 02.02.15

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հաղթանակի օրը միշտ նշվում Մոսկվայում, այլ ոչ, օրինակ, Լեհաստանում՝ Վեստերպլատեում, գրում է korrespondent.net-ը:

 

«Ինչո՞ւ ենք մենք այդքան հեշտ սովորել նրան, որ Մոսկվան այն վայրն է, որտեղ պատվում են ռազմական գործողությունների ավարտը, այլ ոչ Լոնդոնը կամ Բեռլինը, ինչն ավելի բնական կլիներ»,- ասել է Սխետինան երկուշաբթի օրը RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ առավել բնական կլիներ տոնել «Հաղթանակի օրն» այնտեղ, «որտեղ այդ պատերազմը սկսվել է»:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը նշել Եվրոպայում՝ մայիսի 8-ին եվրոպացի առաջնորդներին հրավիրելով Վեստերպլատե թերակղզում կայանալիք միջոցառումներին, որտեղ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: