ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է. ՃՈ պետ

15:12 • 02.02.15

2014 թվականին արձանագրվել 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում վիրավորվել է 4479 մարդ, զոհվել՝ 297-ը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:


Նա նշեց, որ 2013 թվականի համեմատ առկա է թե ճանապարհատրանսպորտային պատահարների աճ` 332-ով, թե դրանց հետևանքով մարմնական վնասվածքներ ստացողների թվի աճ՝ 485-ով, փոխարենը՝ 19 զոհի նվազում: 


«Մենք արձանագրում ենք տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում»,-ասաց նա և նշեց, որ դա ունի իր բացատրությունը:


«2014 թվականի կարևորագույն ձեռքբերումներից է ՃՏՊ-ների ծանրության գործակցի նվազումը»,-ասաց նա և հայտնեց, որ նաև ԱՊՀ անդամ երկրների համեմատությամբ՝  ի օգուտ մեզ ծանրության գործակցի առումով տարբերություն կա:


Արտակ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր ցուցանիշ ՃՈ-ի կողմից ուսումնասիրության է ենթարկվում, և զոհերի թվի նվազումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով է պայմանավորված, ինչպիսին օրինակ՝ արագության ռեժիմի կարգավորումն է՝ պայմանավորված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով, տրանսպորտային պարկի փոփոխությունն է, վարորդների զսպողականությանն ուղղված աշխատանքներն են, ճանապարհային երթևեկության կանոններում արձանագրված դրական միտումն է;


Նա նշեց, որ ՃՏՊ-ներ ծնող հիմնական գործոնները արագության գերազանցումն է, ոչ սթափ վիճակում  վարելն է, վարչական խախտումները: Ըստ պաշտոնյայի՝ Ճանապարհային ոստիկանության համար ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը գերխնդիր է: Բանախոսը անդրադարձավ նաև հետիոտնների կողմից ճանապարհային երթևեկության խախտումներին և հայտնեց, որ պատահարների 30 տոկոսը հետիոտնային վրաերթերն են կազմում: