ԱԺ փոխխոսնակը և Հունաստանի դեսպանը կարևորել են Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաև պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ևս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:










