ՀՀ ՔԿՎ պետը և ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարը քննարկել են պրոբացիոն ծառայության հայեցակարգը

17:38 • 02.02.15

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամլո ծառայությունից։


Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան և այլ պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրել համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ։


Նա հույս է հայտնել, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:


Քլարք Փրայսը հետաքրքրվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած խնդիրներից:


Քրեակատարողական վարչության պետը ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ն արդեն իսկ գործարկվել է, բոլոր ծառայություններն իրականացնում են իրենց գործառույթները, վերջին օրերի ընթացքում հիմնարկ է տեղափոխվել շուրջ 30 դատապարտյալ:


Կողմերը զրուցել են պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: