Spotify երաժշտական ծառայությունը հրաժարվել է Ռուսաստանում բիզնես սկսելուց

15:47 • 02.02.15

Spotify շվեդական երաժշտական ինտերնետային ծառայությունը հրաժարվել է Ռուսաստանում բիզնես սկսելուց և որոշել է աշխատանքից ազատել ընկերության ռուսական ստորաբաժանման ղեկավար Ալեքսանդր Կուբանեիշվիլիին: Այդ մասին վերջինս հայտնել է ռուսական ԶԼՄ-ներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Ցավով ձեզ հայտնում եմ, որ Spotify-ն հրաժարվել է մոտ ապագայում Ռուսաստանում աշխատելու մտադրությունից: Մի քանի պատճառ կա՝ տնտեսական ճգնաժամը, քաղաքական իրավիճակը, համացանցը կարգավորող նոր օրենքները»,- ասել է նա:

 

РБК-ի տվյալներով՝ Կուբանեիշվիլին գործընկերներին նամակ է ուղարկել, որտեղ շնորհակալություն է հայտնել «բոլորին, ով սպասում էր մեկնարկին և ակտիվ մասնակցություն էր ունենում նախագծի նախապատրաստմանը»:

 

Շվեդական Spotify AB-ին պատկանող «Спотифай» ՍՊԸ-ն պատրաստվում էր դուրս գալ ռուսական շուկա այս տարվա սկզբին:

 

Spotify-ն երաժշտական ծառայություն է, որն առաջարկում է խոշոր ձայնագրման ընկերությունների, ինչպես նաև անկախ ընկերությունների երաժշտության օրինական սթրիմինգ: