Տեսախցիկն արձանագրել է երևանյան խանութի աշխատակցուհու հեռախոսի հափշտակությունը (տեսանյութ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ» խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունվարի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն «Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող հեռախոսը` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի վայրի զննությամբ` «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի օրվա տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:
Քննչական կոմիտեից խնդրում են, որ ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:










