ԻՊ-ի դեմ հաղթանակը չի վերացնի ծայրահեղականության գաղափարախոսությունը. Բրիտանիայի ԱԳՆ

09:13 • 03.02.15

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը չի նշանակի իսլամական ծայրահեղականության գաղափարախոսության ամբողջական վերացում: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը կիրակի The Sydney Morning Herald թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ և հույս ունենալ, որ եթե մենք վերացնենք Սիրիայում «Իսլամական պետությունը» և այն հեռացնենք Իրաքից, այդ գաղափարախոսությունն իր որևէ դրսևորումով չի հայտնվի ևս մի այլ վայրում»,- ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, ով մասնակցել է Սիդնեյում կայացած արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բրիտանա-ավստրալական ամենամյա հանդիպմանը:

 

Համոնդը կարծում է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը կշարունակվի «ներկայիս սերնդի ողջ կյանքի ընթացքում»: Ընդ որում, նախարարի կարծիքով, նման պայքարի ռազմական բաղադրիչն ամենադժվարը չէ: «Շատ ավելի կարևոր է դիմակայել գաղափարախոսությանը, որն արձագանք է ստանում խոցելի մարդկանց մոտ»,- կարծում է նա: