Վրաստանում կալանավորը փախել է դատարանի դահլիճից
Վրաստանում մի քաղաքացու վիրավորելու համար մեղադրվող Դմիտրի Խաչիաշվիլին փախուստի է դիմել դատարանի դահլիճից:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ոստիկանները կալանավորին փակել են մետաղական ճաղերի հետևում, իսկ բանալին դրել են սեղանին ու հեռացել դատարանի դահլիճից:
Կալանավորը կարողացել է հասնել բանալուն, բացել դուռն ու փախուստի դիմել պատուհանից:
Ինչ վերաբերում է հանցագործությանը, որի համար մեղադրվում է Խաչիաշվիլին, ապա դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Խաչիաշվիլին ռեստորան է հրավիրել ընկերոջը, որի հետ ծանոթացել է համացանցով: Սեղանի մոտ ծանոթը նրան սեռական հարաբերություն է առաջարկել, ինչը լեզվակռվի պատճառ է դարձել:
Քննության տվյալներով՝ Խաչիաշվիլին դանակի հարվածներ է հասցրել երիտասարդին և վնասել է մեքենան:
Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակը կայուն է:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է բանտարկյալի փախուստի փաստը: Դատախազությունը ոստիկանների հանդեպ քննություն է սկսել:










