Մայքլ Ջեքսոնի կալվածքը կարող է վերածվել սեռական ոտնձգությունների զոհ երեխաների վերականգնողական կենտրոնի
Ամերիկացի հանգուցյալ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի «Նևերլենդ» ռանչոն կարող է վերականգնողական կենտրոնի վերածել, որտեղ բուժում կստանան սեռական ոտնձգությունների ենթարկված երեխաները:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ Ջեքսոնի նախկին կալվածքի ձեռքբերման մի քանի հայտ է ներկայացվել: Իսկ պոտենցիալ գնորդները ներկայացրել են 2,700 ակր տարածքով անշարժ գույքի հետ կապված իրենց ծրագրերը: Դեռ նախանցած տարի արված լուսանկարները ցույց են տալիս, որ ռանչոն բարձիթողի վիճակում է:
Տեղացի գործարարներից մեկը ծրագրում է գնելու դեպքում ռանչոն վերածել ռեաբիլիտացիոն կենտրոնի: Գործարարը, որի անունը չի նշվում, 40 մլն դոլար է առաջարկում տեղանքի համար: Աղբյուրը նկատում է, որ ըստ ասեկոսեների՝ հենց այդ կալվածքում է Մայքլ Ջեքսոնը «շփվել» երեխաների հետ, ինչը հետագայում ևս սեռական ոտնձգություն է որակվել:
Ջեքսոնին վերագրվող նման կապերից ամենամեծ հնչեղությունը ստացել է 13-ամյա Գևին Արվիցոյի հետ ունեցածը: Դրա շուրջ 2005-ի տևական դատավարությունից հետո, սակայն, Ջեքսոնը անմեղ էր ճանաչվել:














