Ճապոնիան ուժեղացրել է անվտանգությունը՝ «Իսլամական պետության» սպառնալիքների պատճառով

11:56 • 03.02.15

Ճապոնիայի կառավարությունը հրահանգ է տվել ուժեղացնել տրանսպորտային միջոցներում ահաբեկչությունների կանխարգելման և երկիր մուտք գործելու կետերում հսկողության ուժեղացման ուղղությամբ միջոցառումները:

 

Դա կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Ճապոնիայի քաղաքացիների հասցեին ուղղված սպառնալիքների հետ: Այդ մասին հայտարարել է պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Ակիհիրո Օտան, հաղորդում է «Известия»-ն:

 

«Հրահանգ է տրվել ուժեղացնել օդանավակայանների և երկաթուղային օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաև արտասահմանից ժամանած նավերի ստուգումները»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ Տոկիոյում տեղեկացրել են միգրացիոն ծառայության և մաքսային ուժերի կողմից երկիր մուտք գործող անձանց փաստաթղթերի հսկողության ուժեղացման մասին:

 

Երեքշաբթի օրը Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվել է Միջազգային հանցավորության և ահաբեկչության ուղղությամբ իրականացվող աշխատանքների շտաբի նիստ: Նիստին, մասնավորապես, քննարկվել են արտասահմանում երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման տեխնոլոգիաները: