Պուտինն առաջարկել է Մերկելին ուկրաինական ճգնաժամի կարգավորման «չեչենական» տարբերակ. FT

14:33 • 03.02.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուկրաինական ճգնաժամի կարգավորման «չեչենական» տարբերակ, գրում է tvrain.ru-ն՝ հղում անելով Financial Times-ում փետրվարի 3-ին հրապարակված հոդվածին:

 

Ինչպես հայտնի է դարձել Financial Times-ին, Բրիսբենեում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները պետք է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական պետությունների» նկատմամբ նույն քաղաքականությունը սահմանեն, ինչ Մոսկվան իրականացրել է Չեչնիայի նկատմամբ. գնել նրանց փողի և ինքնիշխանության դիմաց: Դա ցնցել է Մերկելին, պնդում է թերթը:

 

Անգելա Մերկելը հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ ավստրալական Բրիսբենեում G20 վեհաժողովի ժամանակ՝ նոյեմբերի 16-ին:

 

Արդեն հաջորդ օրը Սիդնեյում Գերմանիայի կանցլերն իրեն թույլ է տվել ավելի քիչ զգույշ հայտարարություններ, քան նախկինում, նշվում է հոդվածում: Նա զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է սպառնալ ոչ միայն Ուկրաինային, այլև Վրաստանին կամ Բալկաններին:

 

Կրեմլում եղած աղբյուրը Բրիսբենեում կայացած բանակցություններից հետո ասել է, որ Պուտինի և Մերկելի միջև երբեք չեն եղել ինչ-որ «հատուկ հարաբերություններ», որոնց մասին ասում են դիվանագիտական շրջանակներում: Նրա խոսքերում՝ «Պուտինը և Մերկելը երբեք իրար տանել չեն կարողացել», սակայն լինելով պրոֆեսիոնալներ, երկար ժամանակ դա թաքցրել են: