Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել չարամտորեն հարկերից խուսափելու համար. փոխնախարար
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալության պատճառների մանրամասներին չի տիրապետում, սակայն տեղյակ է, որ քրեական գործ է հարուցվել չարամտորեն հարկերից խուսափելու համար:
«Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, բնականաբար, Ֆինանսների նախարարությունը ունի քննչական վարչություն, որտեղ գործը քննվում է և հանձնվում համապատասխան մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Ֆինանսների նախարարության տվյալ մարմինը քրեական գործ է հարուցում չարամտորեն հարկային պարտավորություններից խուսափողների հանդեպ:
Հարցին, թե կապ ունի՞ քրգործը Ցեղասպանության թեմայով՝ Հակոբ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ և հնարավո՞ր է՝ ֆիլմի գումարները հենց հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում են գոյացել, Միրումյանն ասաց․ «Կարողա-ները շատ են, բայց Ֆինանսների նախարարությունը կարող է նյութեր ուղարկել համապատասխան մարմիններին բացառապես հարկերից չարամտորեն խուսափելու երևույթի հիման վրա»։
Լրագրողի հարցին, թե որպես քաղաքացի` փոխնախարարը չի կարծո՞ւմ, որ Հակոբ Հակոբյանի ձերբակալումը վնաս կարող է հասցնել հայ կինեմատոգրաֆիային, Միրումյանը կրկնեց, որ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն հարկերից, կպատժվեն:










