ԱՄՆ-ն Մոլդովային և Վրաստանին 51 մլն դոլար կտրամադրի՝ Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու համար
Միացյալ Նահանգները Մոլդովային և Վրաստանին 51 միլիոն դոլար կտրամադրի, իսկ Ուկրաինային՝ 117 միլիոն դոլար՝ Ռուսաստանի ճնշմանը և նրա ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար, գրում է Грузия Online-ը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դա է նախատեսում 2016 ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Կոնգրեսին: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունը մտադիր է մինչև 275 միլիոն դոլար ծախսել Ուկրաինայի 1 միլիարդ դոլարի չափով պարտքի հավելյալ երաշխիքների համար:
«Բյուջեն ներառում է Ուկրաինայի և տարածաշրջանի երկրների համար կենսական կարևորություն ունեցող աջակցություն՝ ռուսական ճնշմանը և ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար»,- հայտարարել են Պետդեպարտամենտում՝ նշելով, որ բյուջեն նաև ենթադրում է ժողովրդավարության և հակակոռուպցիոն միջոցների, ազգային միասնության, եվրոպական ինտեգրման, առևտրի, էներգետիկ անվտանգության և հանրային դիվանագիտության աջակցություն ողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:










