Վարդան Պետրոսյանը չի կարող որևէ կերպ պատժից խուսափել. Ռուբեն Բալոյան
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ապրիլին Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, ասաց, թե դա իրականությանը չի համապատասխանում:
«Դատավճիռը պետք է մտնի օրինական ուժի մեջ: Երբ այն մտնի ուժի մեջ, նախ՝ իրեն կտեղափոխեն գաղութ, դրանից հետո արդեն բաց ռեժիմը կտարածվի նրա վրա»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ ավելացնելով նաև, որ եթե իրենք դատարանի վճիռը բողոքարկեն Վերաքննիչ դատարան, այդ դատավճիռն ուժի մեջ չի մտնելու:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասել էր, որ «Ապրիլին Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, որովհետև պատժի 1/3-ը կլրանա այն պահին, երբ ուժի մեջ մտնի դատական ակտը»:
«Մեկնաբանվում է, թե կապ չունի՝ տուժողները կբողոքե՞ն, թե՞ չէ, մեկ է՝ Վերաքննիչ դատարանը գործը կարճելու է, քանի որ համոզմունք է հայտնվում, թե համաներում է լինելու: Նախ՝ ես հստակ չեմ կարող պնդել, որ համաներում է լինելու, և հետո էլ համաներում կարող է լինել, բայց երկրորդ, երրորդ մասի վրա չի տարածվի: Եթե համաներման թեմա են քննարկում, միևնույն ժամանակ՝ պետք է ասեն, որ վերջին երկու անգամվա համաներման մեջ կետ կա նշված, որ եթե տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, կամ կողմերի միջև վեճ կա, ուրեմն համաներումը չի կիրառվում»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ շարունակելով. «Եթե մենք հայցի մասով ևս բողոք ենք բերում, ապա համաներում լինելու դեպքում այն Վարդան Պետրոսյանի վրա չի տարածվելու, մինչև այս խնդիրը չլուծվի»:
Ռուբեն Բալոյանի խոսքով՝ եթե հայցի մասը բաց է, ապա Վերաքննիչ դատարանը չի կարող այս գործը կարճել: Եթե նույնիսկ կարճի էլ, Ռուբեն Բալոյանը նշեում է, որ իրենք կարճման որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում:
«Ինքը որևէ կերպ չի կարող պատժից խուսափել կամ մեկ-երկու ամիս հետո դուրս գալ: Պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ»,- նշեց փաստաբանը:
«Ես չեմ ուզում, որ այս լարվածությունը շարունակվի, չնայած ինձ անընդհատ քարկոծում են, ասում են, թե ես չեմ թողնում, որ այդ հաշտությունը տեղի ունենա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց Ռուբեն Բալոյանը:










