Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո վերականգնվում է սրբադասման կարգը (տեսանյութ)
Սրբադասման համար չորս պայման գոյություն ունի՝ նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ապրիլի 24-ին ընդառաջ հայ առաքելական եկեղեցու՝ Ցեղասպանության նահատակների սրբադասման կարգի մասին, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Չորս պայմանների շրջագծի ներքո վերականգնվեց սրբադասման կարգը ու սրանց առկայության պայմաններում է, որ հնարավոր եղավ քննել զոհերի սրբադասման կարգը: Չորս պայմաններից որևէ մեկի առկայություն պարագայում կլինի սրբադասումը»,-ասաց սրբազանը:
Նա ասաց նաև, որ եկեղեցին ոչ թե սրբացնում է, այլ սրբադասում է: «Սրբացնողը ժողովուրդն է իր մտքով, վկայություններով, եկեղեցին միայն ճանաչում է»,-նշեց նա:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, թե 8-9 տարի քննարկումից հետո առաջարկվեց նահատակների սրբադասման հնարավորությունը քննել, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի հաստատվեց:
«Ապրիլին 23-ին չորս հարյուր տարի ընդմիջումից հետո առաջին անգամ տեղի կունենա սրբադասումը: Հրավերներ կան բոլոր եկեղեցիներին ուղղված, ներկա են լինելու արևելյան քույր եկեղեցու առաջնորդները»,-ասաց սրբազանը՝ շարունակելով, թե տեղեկություն չունի՝ Պոլսո պատրիարքարանից ներկա կլինե՞ն, թե ոչ, քանի որ դա շատ նուրբ հարց է:










