Կոռումպացված իշխանությամբ անհնար է հաղթահարել առկա համակողմանի ճգնաժամը. Ստեփան Դեմիրճյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ Կառավարության նախորդ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե աշխարհում տնտեսական պատերազմ է ընթանում, ու Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
«Ակնհայտ է, որ առկա մարտահրավերներին, անբարենպաստ պայմաններին դիմագրավելու համար պետք է կայացնենք արդյունավետ պետություն և մրցունակ տնտեսություն, սակայն տարիներ շարունակ արվել է ճիշտ հակառակը: Կոռումպացված իշխանությամբ, առկա քրեաօլիգարխիկ համակարգով գործնականում անհնար է հաղթահարել առկա համակողմանի ճգնաժամը, կանգնեցնել զանգվածային արտագաղթը, վերականգնել մարդկանց վստահությունը պետության նկատմամբ»,-ասաց նա:
Պատգամավորի համար ակնհայտ է, որ այսօրվա բարդ ու դժվարին իրավիճակում թե՛ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու, թե՛ ներքին խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ուժերի միավորում:
«Միասնությունն իրոք օրվա հրամայական է, բայց լոկ գեղեցիկ խոսքերով չէ: Առաջին հերթին պետք է ձևավորել ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի համախմբել հասարակությանը, փոխել երկրում առկա անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ ստեղծել երկրի կայուն զարգացման համար: Իշխանությունները պետք է հասկանան, որ բռնություններով չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Նման գործելակերպը վտանգավոր է»,-ասաց նա:
Ստեփան Դեմիրճյանը դատապարտեց շաբաթ օրը Բերձորում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, դա համալրեց ազատամարտիկների ու քաղաքական գործիչների նկատմամբ բռնարարքների շարքը:
«Պահանջում ենք անաչառ քննություն: Ամեն ինչ պետք է արվի բացասական հետևանքները հաղթահարելու համար: Իշխանության բռնազավթումը, անպատժելիությունը փլուզում է մեր պետականությունը: Առանց ազատ ժողովրդավարական ընտրությունների, մեր պետությունը որևէ հեռանկար չունի»,-ասաց նա:










