Աստվածաբանական երկխոսության հանձնախմբի հանդիպմանը մասնակցած պատվիրակներին ընդունել է Հռոմի պապը

10:38 • 03.02.15

Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի  հերթական, 12-րդ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պաշտոնական մամուլի և Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ժողովին մասնակցում էին Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը:


Հանձնախմբի անդամները հունվարի 25-ին մասնակցեցին նաև Հռոմի Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած «Քրիստոնյաների միության» աղոթքին` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ: Հունվարի 30-ին Աստվածաբանական միջազգային հանձնախմբի անդամները հյուրընկալվեցին Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից:


Քննարկումների արդյունքում ամբողջացավ ու վերջնական տեսքի բերվեց Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի կողմից հրապարակվող երկրորդ փաստաթուղթը` «Հաղորդության կիրառումն ու նշանակությունը Վաղ Եկեղեցու կյանքում և դրա գործառույթը եկեղեցական հաղորդության այժմեական ուսումնասիրության համար» խորագրով:


Ղպտի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հրավերով հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կահիրեում (Եգիպտոս) 2016 թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը: