Ուզբեկստանում տեղեկացել են «Իսլամական պետության» կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների մասին
Ուզբեկստանում միջոցներ են ձեռնարկվում պետական սահմանի ամրապնդման ուղղությամբ՝ պետության տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու «Իսլամական պետություն» խմբավորման անդամների մտադրության մասին երկրի հատուկ ծառայությունների տեղեկությունների ֆոնին, հաղորդում է interfax.ru-ն:
«Մենք ենթադրություններ ունենք, որ Ուզբեկստանում ձերբակալված ԻՊ-ի մասնակիցների գործունեությունը չի սահմանափակվում միայն անդամագրման ուղղությամբ տարվող աշխատանքներով: ԻՊ-ի անդամներն Ուզբեկստանի տարածքում 2015 թվականի գարնանը մի շարք ահաբեկչական գործողություններ են պատրաստում, այդ պատճառով մենք ուժեղացնում ենք սահմանների պահպանության ուղղությամբ միջոցները»,- ասել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծաբանը:
Նա հայտնել է, որ իրավապահ մարմինների տրամադրության տակ են գտնվում ԻՊ-ի աջակիցների, ինչպես նաև Ուզբեկստանում 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ձերբակալված անդամների վկայությունները:
Մասնագետները սահմանների անվտանգության ամրապնդման մեկ այլ պատճառ են նշում Աֆղանստանում ափիոնի մեծ բերքը և Ուզբեկստանում մարտի 29-ին նախատեսված նախագահական ընտրությունները:










