ՀՀ ՊՆ-ն պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների տվյալների փոխանակման հարցում

11:30 • 04.02.15

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:


ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։


ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից  է  համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:


Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո  համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների տվյալների  փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: